28 մարտի 2011 - 21:20 AMT
ԿԱՐԾԻՔ
Արդյո՞ք ԵԱՀԿ առաքելությունը հասավ իր նպատակին: Բաքվին դուր է եկել Ղարաբաղում իրադրության մասին զեկույցը

Ադրբեջանին շատ է դուր եկել Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքներում իրադրության մասին ԵԱՀԿ գնահատման առաքելության հաշվետվությունը, որը չի կարող չզարմացնել ցանկացած մեկին, ով գեթ մեկ անգամ եղել է Ղարաբաղում: Հաշվետվության մեջ նկարագրված իրադրությունը բոլորովին չի համապատասխան իրականությանը: Փաստաթղթում խոսք անգամ չկա Արցախի զարգացող ենթակառուցվածքների կամ տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտների ակտիվ զարգացման մասին: Միայն սարսափելի մանրամասներ են բերվում այդ տարածքներում տիրող ավերածությունների ու աղքատության մասին:

Ինքնին Ղարաբաղում հայտարարեցին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զեկույցն ի սկզբանե չի կարող հավակնել լիարժեք օբյեկտիվության, քանի որ գնահատման առաքելությունն այդպես էլ չայցելեց Ադրբեջանի կողմից օկուպացված ԼՂՀ տարածքներ: Ադրբեջանն արդեն օգտագործում է միակողմանի եզրակացություններն իր քարոզչական նպատակների համար, ինչը չի նպաստում հակամարտության տարածաշրջանում լարվածության նվազմանը, հայտնել է Արցախի Արտաքին քաղաքական և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:

Միանգամայն սպասելի էր, որ Բաքուն կսկսի խոսել միջազգային կառույցների կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին: Ինչի մասին էլ չխորշեց հայտարարել Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան. «Գնահատման առաքելության հաշվետվության մեջ արտացոլված փաստերը հիմք են տալիս, որպեսզի ԵԱՀԿ-ն և մյուս միջազգային կառույցները ձեռնամուխ լինեն օկուպանտ Հայաստանի վրա լուրջ ճնշում գործադրելուն»:

Արդյո՞ք ԵԱՀԿ առաքելության նպատակը հենց Ադրբեջանին գոհացնելն էր, որը վերջերս նախանձելի հաճախականությամբ է հայտարարում Ղարաբաղում պատերազմի վերսկսման մասին: Իսկ միգուցե ստիպել Ադրբեջանին հապաղել պատերազմը սկսելու գործո՞ւմ: Այդ մասին վկայում է նաև այն փաստը, որ Հայաստանը դրական է գնահատել ԵԱՀԿ առաքելության «առասպելական» հաշվետվությունը: Այժմ կարելի է ենթադրել, որ միջնորդները Բաքվին խոստանում են, որ Հայաստանի վրա անպայման ճնշում կգործադրվի, սակայն դրա համար ևս մեկ, երկու, երեք, անթիվ դիտորդություններ է հարկավոր անցկացնել:

Մնում է մեկ հարց` որքա՞ն երկար է Ադրբեջանը հավատալու միջնորդների խոստումներին, որոնք ժամանակ են ձգում խաղաղ կարգավորման անհրաժեշտության և ռազմական գործողությունների անթույլատրելիության մասին հռչակագրային հայտարարություններով:

Իսկ Ստեփանակերտը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին խորհուրդ տվեց հիշել Կոսովոյի մասին, որը 2008 թվականի փետրվարի 17-ին միակողմանի կարգով` ԱՄՆ և ԵՄ մի շարք երկրների աջակցությամբ հռչակեց իր անկախությունը Սերբիայից: Ընդհանուր առմամբ Կոսովոյի անկախությունը ճանաչել են աշխարհի 75 երկրներ: