29 մարտի 2011 - 15:50 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է դադարեցնել հացադուլը, եթե այդ մասին նրան խնդրի Ամենայն Հայոց կաթողիկոսը

«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը չի բացառել, որ, եթե Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը դիմի Րաֆֆի Հովհաննիսյանին՝ կոչ անելով դադարեցնել հացադուլը, Հովհաննիսյանը կարող է արձագանքել: «Անշուշտ, չեմ բացառում նման հնարավորությունը: Չէ որ հոգևորականները մի փոքր այլ կարգավիճակ ունեն»,-հայտարարել է նա: Մարտիրոսյանը հավելել է, որ ստույգ չգիտի, սակայն, իր կարծիքով, հոգևորականներն իրավունք ունեն միջամտել նման հարցերին: Նա հայտնել է նաև, որ այժմ Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակը նորմալ է և բժիշկները կանոնավոր կերպով հետազոտում են նրան:

Իր հերթին ՀՀԿ անդամ Մանվել Բադեյանը կոչ է արել Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը և վերադառնալ խորհրդարանական աշխատանքին: Նա նաև ընդգծել է, որ «Ժառանգության» առաջնորդի հացադուլը քաղաքական ակցիա է և կոչ է արել այլ ենթատեքստ չփնտրել և վիրավորական մեկնաբանություններ չանել:

Մարտի 15-ից «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: Կուսակցության բաց համաժողովուվ Հովհաննիսյանը պահանջեց ՀՀ նախագահից հրաժարական տալ ու ապահովել արդար ու անկախ ընտրությունների անցկացումը: Հովհաննիսյանն իր ակցիան անվանել է «Ծոմ ազատության»: