29 մարտի 2011 - 16:13 AMT
Հրանտ Դինքի հուղարկավորության մասին պատմող ֆիլմը ապրիլին կցուցադրվի Ստամբուլի միջազգային կինոփառատոնում

Թուրք ռեժիսոր Հուսեյն Քարաբեյն ու նկարիչ Աքսել Զեյդան Գոզն անիմացիոն ֆիլմ են նկարահանել հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի թաղման մասին` «Ոչ մի խավար մեզ չի ստիպի մոռանալ» (“Hiçbir Karanlık Unutturamaz”), որում հնչում է Դինքի այրի Ռաքելի ձայնը:

«Վերջին տարիներին վավերագրական կինոյի ժանրն ընդլայնում է իրականության սահմանները: Անիմացիան նույնպես ընդգրկվել է վավերագրական կինոյի մեջ: Այդ տեխնիկան հետաքրքրեց ինձ, և ես որոշեցի անիմացիոն ֆիլմ նկարահանել Հրանտ Դինքի թաղման մասին: Ես հույս ունեմ, որ այդ ֆիլմը կօգնի երիտասարդությանը ճանաչել սեփական պատմությունը, որովհետև նա չգիտի մեր երկրի ցավի մասին: Պատմությունը կկրկնվի, եթե մենք մոռանանք անել դա»,- ասել է ռեժիսորը, գրում է Hurriyet Daily News-ը:

«Ոչ մի խավար մեզ չի ստիպի մոռանալ» ֆիլմը 9 րոպեանոց սև-սպիտակ ֆիլմ է, որում Հրանտ Դինքի նամակը կարդում է Ռաքել Դինքը: «Ես վկայել եմ այն ցավը, որը մերթ հայտնվում, մերթ անհետանում է ֆիլմում: Դա զգացվում է նաև Ռաքելի ձայնի մեջ»,- նշել է Գոզը:

«Hiçbir Karanlık Unutturamaz» ֆիլմը կցուցադրվի Ստամբուլի 30-րդ միջազգային կինոփառատոնում, որը կբացվի ապրիլի 2-ին և կտևի միջև ապրիլի 17-ը: Ավելի ուշ ֆիլմը կտեսնեն նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում: