29 մարտի 2011 - 18:13 AMT
Քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու սպառնալիքն Ադրբեջանի սխալն էր. նա ահաբեկիչ երկրի իմիջ ձեռք բերեց

Դեպի Ստեփանակերտ ընթացող քաղաքացիական ինքնաթիռների` Բաքվի կողմից ոչնչացվելու մասին սպառնալիքն Ադրբեջանի քարոզչական մեքենայի կոպիտ սխալն էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Նրա կարծիքով, արևմտյան երկրների համար Բաքվի այդ հայտարարություններն ընկալվեցին որպես ահաբեկչական երկրի սպառնալիքներ:

«Այդ հայտարարություններով Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, ցանկանում էր ստուգել միջազգային հանրության արձագանքը, սակայն նա Արևմուտքի դատապարտող արձագանքին ու քննադատությանը բախվեց»,- ասել է ռազմական հոգեբանը` նշելով, որ Ադրբեջանն ահաբեկիչ պետության իմիջ ձեռք բերեց: Միևնույն ժամանակ Դավիթ Ջամալյանը հիշեցրել է, որ Հայաստանի և Ղարաբաղի զինված ուժերը լիովին վերահսկում են Ադրբեջանի օդային տարածքը, և եթե ադրբեջանական կողմը որոշի իրականացնել իր կողմից հնչեցված սպառնալիքները, ապա հայկական կողմը համապատասխանաբար կարձագանքի: