29 մարտի 2011 - 19:02 AMT
Բակո Սահակյանը կարևորում է Հայաստանի առաջատար բուհերի և Արցախի պետական համալսարանի համագործակցությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատվիրակությանը՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, բուհի կառավարման խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորությամբ, հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:

Այս համատեքստում Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դերը ինչպես Արցախի բարձրագույն կրթության զարգացմանն աջակցելու, այնպես էլ մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործում:

Նախագահը կարեւորել է նաեւ հայաստանյան այս առաջատար բուհի եւ Արցախի պետական համալսարանի միջեւ կապերի ամրապնդումը՝ այն համարելով երկկողմ փոխգործակցության զարգացման կարեւոր պայմաններից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք: