29 մարտի 2011 - 19:04 AMT
«Թատրոն X» փառատոն. «Միհր» թատրոնը հանդիսատեսին ցույց տվեց իրական կյանքի և երազի միջև տարբերությունը

Մարտի 28-ին «Թատրոն X» փառատոնի շրջանակներում ելույթ է ունեցել «Միհր» թատրոնը «Երազներ երազներում» ներկայացմամբ (գեղարվեստական ղեկավար` Ցոլակ Մլքե-Գալստյան): Ներկայացումը հանդիսատեսին ցույց է տալիս իրականության և երազի միջև կապը: Այն քաղաքում, որտեղ ապրում են հերոսները, չկան զգացմունքներ: Երազներում մարդիկ ապրում են զգացմունքներ և թաքնված ցանկություններ: «Երազների թեման ինքնին բավական բարդ, բայց հետաքրքիր թեմա է: Ւնձ համար այդ ներկայացումը բեմադրելիս հիմնական խնդիրն էր հանդիսատեսի հետ մտնել երկխոսության մեջ, ցույց տալ, թե ինչպես ենք ապրում իրական կյանքում և երազներում: Քաղաքը խանգարում է երազին: Երազում ամեն ինչ գեղեցիկ է և ներդաշնակ, իսկ կյանքը դաժան է»,- ասել է Մլքե-Գալստյանը:

Փառատոնի ձևաչափի համաձայն ներկայացումից հետո տեղի է ունեցել քննարկում, որի ժամանակ մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքները և տպավորությունները:

«Միհր» թատրոնը հիմնվել է 2003-ին Ցոլակ Մլքե-Գալստյանի և նրա քույր Շողակաթ Մլքե-Գալստյանի կողմից: Նրանք աշխատում են Contemporary Dance և պլաստիկ թատրոնի ոճում: Այս տարիներին թատրոնը Եվրոպայում, Ասիայում, ԱՊՀ-ում և ԱՄՆ-ում արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի, սակայն ոչ մի անգամ չի դարձել գլխավոր թատերական մրցանակակիր Հայաստանում: