29 մարտի 2011 - 20:29 AMT
Հայ ուսանողուհին Ստրասբուրգում մասնակցեց Եվրոպական վիրտուալ աստղադիտարանի կողմից կազմակերպված դպրոցին

Հայ ուսանողուհին Ստրասբուրգում (Ֆրանսիա) մասնակցեց Եվրոպական վիրտուալ աստղադիտարանի կողմից կազմակերպված դպրոցին: Մարտի 21-24-ին Ստրասբուրգ քաղաքում տեղի ունեցավ Եվրոպական վիրտուալ աստղադիտարանի (Euro-VO) կողմից կազմակերպած դպրոց երիտասարդ աստղագետների համար, ովքեր հետաքրքրված են վիրտուալ աստղագիտությամբ: Հայկական և Եվրոպական վիրտուալ աստղադիտարանների համագործակցության շնորհիվ 30 այլ երիտասարդների հետ միասին այդ դպրոցին մասնակցեց նաև ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի և Հայկական վիրտուալ աստղադիտարանի նախագծի անդամ Գոհար Հարությունյանը:

Ծրագրի շրջանակներում Գոհար Հարությունյանը ներկայացրեց և ՎԱ միջավայրում փորձարկեց Հայկական ՎԱ կողմից իրականացվող ակտիվ գալակտիկաների բազմալիքային ուսումնասիրության ծրագիրը: Այն ներկայումս հաջողությամբ իրականացվում է Բյուրականի աստղադիտարանում, և դրա արդյունքում սպասվում է ակտիվ գալակտիկաների բազմալիքային կատալոգի ստեղծում, նրանց սպեկտրալ էներգիայի բազմալիքային բաշխման կառուցում և դասակարգումների վերանայում, ինչպես նաև ռենտգենյան, գերմանուշակագույն, օպտիկական, ենթակարմիր և ռադիո հատկությունների մանրակրկիտ ուսումնասիրություն:

Մյուս մասնակիցները ներկայացնում էին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Ավստրիան, Հունաստանը, Բուլղարիան, Ուկրաինան և Չիլին: