31 մարտի 2011 - 13:42 AMT
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ու ԱԳՆ հայտարարությունները տարակուսանք են առաջացնում ԵԱՀԿ ՄԽ մոտ

Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում իրականացված դաշտային գնահատման առաքելության զեկույցի շուրջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից եւ ԱԳՆ-ից հնչող հակասական մեկնաբանությունները ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը մասնավորապես ասաց.

Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում իրականացված դաշտային գնահատման առաքելության զեկույցը լուրջ շփոթություն է առաջացրել Ադրբեջանում, ինչի մասին են վկայում Ալիեւի աշխատակազմից եւ արտաքին քաղաքական գերատեսչության հնչող տարբեր տեսակետները դրա վերաբերյալ:

Այն պարագայում, երբ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի վարիչ Ալի Հասանովը հայտարարում է, որ խիստ կասկածներ կան իրենց կողմից զեկույցի օբյեկտիվ լինել չլինելու հարցում, ԱԳՆ-ն, հայտարարում է, որ զեկույցը օբյեկտիվ է եւ թույլ է տալիս բացահայտել այդ տարածքներում տիրող իրավիճակը:

Հարկավոր է նշել, որ նման անկայուն եւ ոչ հստակ դիրքորոշումները, որոնք հաճախ կարելի է հանդիպել ադրբեջանական կողմի վարքագծում, տարակուսանքի պատճառ են հանդիսանում ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այնպես էլ միջազգային հանրության համար` ընկալելու ադրբեջանական կողմի ոչ ադեկվատ եւ իրարամերժ մոտեցումները: