31 մարտի 2011 - 14:30 AMT
Սարգսյանը ժամանակին անձամբ է խնդրել ԱՄՆ նախագահին արտասանել «ցեղասպանություն»

Հայաստանի համար նախկինի պես կարևոր է ապրիլի 24-ին հայ համայնքին ուղղված ամենամյա ուղերձում ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» բառն արտասանելը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք ցանկանում ենք, որպեսզի Բարաք Օբաման արտասանի «ցեղասպանություն» բառն ամենամյա ուղերձի ընթացքում: Ժամանակին ես անձամբ խնդրել եմ նրան արտասանել այդ բառը, բայց ցանկությունը և իրականությունը տարբեր հասկացություններ են, և ամենացանկալի պահն այն է, երբ մեր ցանկությունները համապատասխանում են իրականությանը: Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ պահը գա, բայց նույնիսկ եթե այն չգա, մենք չպետք է հուսահատվենք, այլ պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է ՀՀ նախագահը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, լինելով սենատոր, խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն, ինչպես 2009-ին, այնպես էլ 2010-ին Օբաման ամենամյա ուղերձում ասել է «Մեծ եղեռն», այլ ոչ թե «ցեղասպանություն»: