31 մարտի 2011 - 18:10 AMT
Կառավարությունը մտադիր է կարգավորել ավտոմեքենաների տեխզննման գործընթացի հետ կապված խնդիրները

Հայաստանի կառավարությունը Օշականում կայացած արտագնա նիստում հաստատել է ՀՀ-ում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը, որի համաձայն տարբերակված մոտեցում կցուցաբերվի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի, կտրոնների տրամադրման և հաշվառման սկզբունքներում։

Այս կապակցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ տվյալ խնդիրը կարգավորվում է պետության կողմից երկրի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների համապատկերում։ Կառավարության իրականացրած մոնիտորինգի արդյունքում բացահայտվել են բազմաթիվ թերություններ, մասնավորապես այն, որ ավտոմեքենաների տեխզննությունը ձևական բնույթ է կրում, ավելին, քաղաքացիներն օրենսդրությամբ չսահմանված վճարումներ են կատարում կամ նույնիսկ ավտոմեքենաներն ընդհանրապես չեն ներկայացնում տեխզննման։ «Հասկանալի է, որ կառավարությունը չէր կարող հանդուրժել այս իրավիճակը։ Մի բան պարզ է` մեր երկրի առնվազն 300 հազար քաղաքացիներ ոչ միայն կապահովեն երթևեկության անվտանգությունը, այլև կազատվեն տարեկան շուրջ 5 հազարական դրամ անտեղի մուծելու անհրաժեշտությունից»,- ավելացրել է վարչապետը:

Նրա խոսքով, ընդունված որոշումը թույլ է տալիս, որպեսզի շուկան լինի ինքնակարգավորվող, քաղաքացիներն իրենք ընտրեն տեխզննման այն երեք տասնյակ կայաններից մեկը, որտեղ կուզենային անցկացնել այդ գործընթացը։ Վարչապետի հավաստմամբ` հաջորդ քայլը լինելու է տվյալ խնդրի լուծման մեջ ապահովագրական ընկերությունների ներգրավումը, ինչի շնորհիվ կգործի փոխվերահսկողության սկզբունքը։ «Մեծ հաշվով խոսքը վերաբերում է մեր քաղաքացիների անվտանգությանը, վթարների նվազեցմանը։ Կառավարության որոշմամբ առաջարկվող լուծումն առաջին քայլն է և իբրև լուծման նոր մեխանիզմ կարող է ճշգրտման կարիք ունենալ։ Համապատասխան աշխատանք պետք է կատարել տեխզննման կայանների հետ»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը: