31 մարտի 2011 - 19:12 AMT
Հայաստանում ձևավորվում է սոցիալական բնակարանների ֆոնդը բնակչության անապահով խավի համար

Արագածոտնի մարզում` Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը Հայաստանի կառավարության արտագնա նիստում կառավարությունըհանրապետությունում առաջին անգամ ձևավորված սոցիալական բնակարանների ֆոնդի բաշխման իրավունքը վերապահվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը 90 տոկոսով իրականացվում էր Երևան քաղաքում։ Մարզերի շահառուների համար վարկերի տրամադրման արտոնություն սահմանելու շնորհիվ պատկերը կտրուկ փոխվել է: «Ծրագիրը թափ է առնում մարզերում, մի հանգամանք, որը նպաստում է տարածքների համաչափ զարգացմանը»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է սոցիալական բնակարանների ֆոնդի ստեղծմանը, ապա սա, վարչապետի բնորոշմամբ, առաջին քայլն է։ Բնակչության անապահով խավին բնակարաններ կտրամադրվեն արդեն իսկ կառուցված և կառուցվող շենքերում։ Կառավարության որոշմամբ փոփոխվել և լրացվել է ավելի վաղ ընդունված որոշումներից մեկը, որի համաձայն 2011թ. երկրորդ եռամսյակում կշարունակեն սուբսիդավորվել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով նախկինում տրամադրված վարկերի տոկոսավճարները, ինչպես նաև կսուբսիդավորվեն նոր տրամադրված վարկերի տոկոսավճարները։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի ֆինանսների նախարարության ֆինանսական շուկաների զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը, հատկացված վարկերի միջին չափը կազմում է 8,2 մլն դրամ, վարկի տրամադրման միջին ժամկետն է 12,4 տարի, իսկ միջին տոկոսադրույքը 10,3% է:

2011-ին ՀՀ ֆինանսների նախարարության հաշվարկներով, տրամադրվելու է 300 վարկ, իսկ ծրագրի ֆոնդն ավելանալու է 1 մլրդ դրամով և հասնելու 4-4.5 մլրդ դրամի: