31 մարտի 2011 - 20:45 AMT
Տարեցտարի Հայաստանի Նախագահի մրցանակի նկատմամբ երիտասարդության հետաքրքրությունն աճում է

Մարտի 10-31-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամը անցկացրեց մրցույթների ու միջոցառումների շարք` տաղանդաշատ ու շնորհալի երիտասարդներին Հանրապետության Նախագահի 2010 երիտասարդական մրցանակներ շնորհելու նպատակով: Հանրապետության Նախագահի մրցանակը հիմնման օրից ֆինանսավորվում է «Պողոսյան» հիմնադրամի կողմից: «Երգեցողություն», «Գործիքային կատարում», «Գրականություն», «Կերպարվեստ և կինո» անվանակարգերում մրցանակի հավակնորդ 116 երիտասարդ ստեղծագործողներից եզրափակիչ փուլ են անցել 42-ը, որոնցից ժյուրին կընտրի լավագույններին և կներկայացնի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հաստատմանը:

Յուրաքանչյուր տարի հաղթողների անունները հայտարարվում են Հանրապետության Նախագահի մրցանակների շնորհման հանդիսության օրը, որն այս տարի տեղի կունենա մայիսի 30-ին: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական, ՀՀ Նախագահի մրցանակի համակարգող Աիդա Խաչիկյանի խոսքով, տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը Նախագահի մրցանակի հանդեպ, որի խոսուն ապացույցը դիմողների թվի աճն է:

Ինչպես և «Հայոց ցեղասպանության ճանաչման մեջ ներդրած ավանդի համար» մրցանակը, ՀՀ Նախագահի մրցանակը ֆինանսավորվում է Բոգոսյան հիմնադրամի կողմից (Ֆրանսիա):

Որպես մրցանակ շնորհվում է մեդալ` այն հավաստող հավաստագրով, վկայագիր և դրամական պարգև` 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով: Հանրապետության Նախագահը շնորհավորում է հաղթողներին և անձամբ հանձնում մրցանակները: Մրցանակն ամեն տարի շնորհվում է անհատականություններին` որպես կանոն Հայաստանի քաղաքացի, որոնք արժեքավոր հետազոտություններ են կատարել կամ զբաղվում են ստեղծագործական գործունեությամբ հետևյալ ոլորտներում` բնական գիտություններ, արվեստ (ներառյալ ճարտարապետություն, կերպարվեստ, թատրոն, կինո, լուսանկարչություն, արվեստի տեսություն և այլ արվեստի տեսակներ), գրականություն, հումանիտար գիտություններ: