31 մարտի 2011 - 20:50 AMT
Մայիսի 1-ից սկսած ՀԴՄ կտրոնների յուրաքանչյուր վիճակահանությանը 10-ի փոխարեն կտրամադրվի 15 ավտոմեքենա

Մարտի 31-ին Արագածոտնի մարզում` Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը, Հայաստանի կառավարության արտագնա նիստում կառավարությունը փոփոխություններ է կատարել ավելի վաղ ընդունած իր «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ: Բացի դրանից, կառավարությունը սահմանել է, որ ս.թ. մայիսի 1-ից սկսած (ապրիլ ամսվա արդյունքով) ՀԴՄ կտրոնների յուրաքանչյուր վիճակահանությանը 10-ի փոխարեն կտրամադրվի 15 ավտոմեքենա, միաժամանակ կդադարեցվի դրամական պարգևավճարների վճարումը։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, մեկ այլ որոշմամբ սահմանվել է, որ շահումով խաղերի արտոնագիր և հարակից փաստաթղթեր կարելի է ստանալ ոչ միայն առձեռն կամ փոստով, այլև էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչը կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը, արտոնագրման գործընթացի պարզեցմանն ու թափանցիկության ապահովմանը։