1 ապրիլի 2011 - 16:53 AMT
Բաքուն խոստանում է ուժ չկիրառել քաղաքացիական օբյեկտների դեմ

Ադրբեջանն ուժ չի կիրառել ու չի կիրառի քաղաքացիական օբյեկտների դեմ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը: Նա տարակուսանք է հայտնել այն աժիոտաժի վերաբերյալ, որ բարձրացել է այդ հարցի շուրջ:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի նախագահի հետ Երևանում կայացած համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց, որ ինքն է լինելու Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռի առաջին ուղևորը:

Ադրբեջանի քաղավիացիայի պետական աշխատակազմի տնօրեն Արիֆ Մամեդովը հայտարարել էր, թե ադրբեջանական կողմն արդեն իսկ հասցրել է բողոքել Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը՝ ICAO: «Մենք հայտնել ենք, որ մեր օդային տարածքը Ղարաբաղի վրա փակ է: Ըստ «Ավիացիայի մասին» օրենքի, նախատեսվում է ֆիզիկապես ոչնչացնել այդ տարածքում վայրէջք կատարող ինքնաթիռները»,-հայտարարել էր Մամեդովը: ԼՂՀ օդանավակայանը կընդունի և բաց կթողնի ինքնաթիռներ 2011-ի մայիսից:

Ավելի վաղ Բաքվում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հայտարարեց, որ քաղաքացիական ինքնաթիռների ոչնչացումն անթույլատրելի է: