1 ապրիլի 2011 - 18:38 AMT
Կառավարությունում քննարկել են մանկավարժական կրթության կատարելագործման տեսլականը

Ապրիլի 1-ին կառավարությունում տեղի է ունեցել միջբուհական կոնսորցիումի աշխատանքների հետագա կազմակերպման ու խորացման վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և մարզերում ու Արցախում գործող մանկավարժական համալսարանների ռեկտորներ:

Քննարկվել են մանկավարժական կրթության կատարելագործման տեսլականը միջբուհական կոնսորցիումի աշխատանքների շրջանակում եվրոպական բուհերի հետ համագործակցության, «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» միջբուհական կոնսորցիումի գիտական հանդեսի՝ միջազգային գիտական պարբերականի չափորոշիչներին համահունչ արդիականացման կոնսորցիումի հեռանկարներին վերաբերող հարցեր։ Ի թիվս օրակարգում ընդգրկված հարցերի, անդրադարձ է եղել նաև միջբուհական կոնսորցիումի անդամ բուհերում կրթական ծրագրերի միասնականության և համակարգվածության աշխատանքների աջակցությանը միտված ծրագրերին, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը խորհրդակցության անդամներին տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ Ֆինլանդիայի Ուլուի համալսարանի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի համալսարանում կիրականացվեն ուսումնական ծրագրեր մինչև 2012թ. նոյեմբերը: Համաձայնագրի նպատակն է մանկավարժական կրթական գործընթացը համապատասխանեցնել եվրոպական պահանջներին:

Կրթական ոլորտում ներդրած նշանակալից ավանդի համար վարչապետ Տիգրան Սարգսյանը պարգևատրվել է Խ. Աբովյանի անվան մեդալով: