1 ապրիլի 2011 - 18:50 AMT
Էդվարդ Նալբանդյանը գոհ է հայ-լեհական հարաբերությունների դինամիկ զարգացումից

Ապրիլի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հենրիկ Լիտվինին, ով Երեւանում է գտնվում արտգործնախարարությունների խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել հայ-լեհական հարաբերությունների դինամիկ զարգացման առնչությամբ: Զրուցակիցներն անդրադարձան Լեհաստանի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մի շարք երկկողմ, միջազգային, տարածաշրջանային հարցերին:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Էդվարդ Նալբանդյանն ու Հենրիկ Լիտվինն անդրադարձան ԵՄ «Արեւելյան Գործընկերության» ծրագրի շրջանակներում ընթացող գործընթացներին, քննարկեցին այս տարվա երկրորդ կեսին Լեհաստանում կայանալիք «Արեւելյան Գործընկերության» գագաթաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր: