4 ապրիլի 2011 - 13:20 AMT
Ստեփանակերտի առաջին ֆլեշմոբը նվիրված էր ընթերցանությանը

Ստեփանակերտում առաջին անգամ ֆլեշմոբ է անցկացվել: Այն նվիրված է եղել ընթերցանությանը: Շուրջ մեկուկես տասնյակ մասնակիցներ հավաքվել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և, նստելով գետնին, ընթերցել մեկ էջ իրենց սիրած գրքերից: Ըստ ֆլեշմոբի մասնակիցների՝ ակցիայի նպատակն է խրախուսել ոչ էլեկտրոնային ընթերցանությունը և ողջունել Երևանի՝ 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք դառնալու փաստը, հայտնում է ArtsakhNews.am-ը:

Ֆլեշմոբերը բավականին տարածված ակցիաներ են ամբողջ աշխարհում: Բառացիորեն թարգմանած նշանակում է «կայծակնային ամբոխ»՝ մարդկանց մի խումբ, որ անակնկալ հավաքվում է կոնկրետ վայրում և կատարում ուշադրություն գրավող գործողություններ՝ շեշտելով ինչ-որ երևույթի կարևորությունը: Վերջին տարիներին այս ակցիաները տարածվել են նաև Երևանում, ստեղծվել են ֆլեշմոբով զբաղվող մասնագիտական խմբեր, որոնք հաճախակի կազմակերպում են ակցիաներ՝ խրախուսելու համար ընթերցանությունը, ազգային երգը, պարը և այլն: