4 ապրիլի 2011 - 15:51 AMT
ՀԾԿՀ. Հայաստանում գազ են սպառում շուրջ 600 հազար բաժանորդ

Այսօրվա դրությամբ Հայաստանում գազ են սպառում մոտ 600 հազար սպառողներ: Ինչպես այսօր ԱԺ-ում կայացած լսումների ժամանակ հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանը, դա 8 անգամ ավելի է, քան գազասպառողների քանակը 1999թ.: «1999թ. Հայաստանում գազ էին սպառում 70 հազար բաժանորդներ: 12 տարվա ընթացքում գազամատակարարման համակարգում իրականացվել են 66 մլրդ դրամի (180 մլն դոլար) ներդրումներ»,-ասել է Ռոբերտ Նազարյանը:

Անդրադառնալով գազի նոր սակագնին, որն ուժի մեջ է մտել 2010թ. ապրիլի 1-ից, հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ սակագնի բարձրացման վրա անդրադարձել են մի շարք գործոններ՝ Հայաստան ներկրվող գազի սակագնի աճը 17 տոկոսով, Հայաստանում փոխարժույթի տատանումները, գազի սպառման 20-տոկոսանոց կրճատումը, գազամատակարարման համակարգի ընդլայնման ծախսերի աճը: Ռոբերտ Նազարյանը նշել է, որ գազի սպառումը Հայաստանում երկու անգամ ավելի շահավետ է, քան էլեկտրաէներգիայի սպառումը: