Հայաստանի ոռոգման համակարգում ներտնտեսական համակարգերում կորուստները կազմում են 50 տոկոս, իսկ մայր ջրանցքներում և ենթաջրանցքներում` 70 տոկոս: Այդ մասին ապրիլի 5-ին մամլո ասուլիսում հաղորդել է ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը: Նա հույս է հայտնել, որ կգա ժամանակ, երբ հանրապետության տարածքում կհաջողվի կրճատել էներգիայի ծախսերը, որն այսօր կազմում է ոռոգման ջրի ինքնարժեքի 50 տոկոսը:
2011-ին գյուղացիները 1 խմ ոռոգման ջրի համար վճարելու են 11 դրամ, սակագինն այս տարի 2010-ի համեմատ չի փոխվել: Ադիբեկ Ղազարյանն ընդգծել է, որ ոռոգման ջրի իրական ինքնարժեքը կազմում է 18 դրամ, իսկ տարբերությունը սուբսիդավորում է պետությունը: «Այս տարի պետական սուբսիդիաները կազմել են ավելի քան 4 մլրդ դրամ, ինչը թույլ կտա թեթևացնել գյուղացիների հոգսը»,- ասել է նա և հավելել, որ այդ սուբսիդիաներում չեն ներառվել հիմնանորոգման և համակարգը պաշտպանելու ծախսերը, որի համար ամեն տարի պահանջվում է շուրջ 8.5-9 մլրդ դրամ, ուստի պետությունն ամեն տարի պետբյուջեից հատկացնում է լրացուցիչ միջոցներ 1.5 մլրդ դրամի չափով:
Ղազարյանը հաղորդել է, որ այսօր գյուղացիները պետությանը պարտք են 6 մլրդ դրամ` սկսած 2006-ից: