5 ապրիլի 2011 - 13:01 AMT
Թուրքիան զբաղվում է ինքնախաբեությամբ՝ «անլուրջ» համարելով Ցեղասպանության ճանաչումը Արգենտինայում

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Արգենտինայի դատարանի որոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: «Մենք դատապարտում ենք ու մերժում ենք այդ որոշումը, որն ընդունվել է առանց հաշվի առնելու իրավունքի ունիվերսալ սկզբունքները, անտեսում է միջազգային հարաբերությունները և ապօրինի մեկնաբանություն է տալիս նրանց»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Սելջուկ Ունալը: Ըստ նրա, Թուրքիան հիասթափված է Արգենտինայի իրավական համակարգից: Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղարը գտնում է, որ ընդունված որոշումը հակասում է ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման ու պատժի մասին կոնվենցիային: Ունալը նշել է,որ նման որոշումները չեն նպաստում Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, հաղորդում է TurkishNY-ն:

Արգենտինայի դաշնային դատավոր Նորբերտո Օյարբիդեն ապրիլի 1-ին որոշում է կայացրել, որի համաձայն Թուրքիան 1915-23թթ. հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն է գործել: Ինչպես գրում է The Washington Post թերթը, դատավճռում ասվում է, որ Թուրքիան պարտավոր է օգնել Ցեղասպանության զոհերի Արգենտինայում բնակվող ժառանգներին տեղեկություններ ստանալ մոտ 50 հազար հարազատների մասին, որոնք անհայտ կորել են Ցեղասպանության տարիներին: Սակայն, տվյալ որոշումը զուտ հայտարարության բնույթ է կրում: