5 ապրիլի 2011 - 14:30 AMT
ՀԱԿ-ն իր համար որպես սահմանագիծ է հաստատել 2012 թ. խորհրդարանական ընտրությունները

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համար սահմանագիծը 2012թ. խորհրդարանական ընտրություններն են, մինչ այդ ՀԱԿ-ը պետք է հասցնի ավարտել բոլոր նախանշված ծրագրերը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ-ի անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը: Ըստ նրա, այդ մասին ասվել է նաև ՀԱԿ-ի քաղխորհրդի ժամանակ, որն անցել է ՀԱԿ-ի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահությամբ:

Նա նաև հավելել է, որ մարտի 17-ին առաջ քաշած պահանջները՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու թույլտվությունը, մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությունը, վերջնագիր չեն, այլ անհրաժեշտ պահանջներ այս փուլում իշխանությունների հետ երկխոսության համար: Ոչ մի կոնկրետ ժամկետ այդ պահանջների կատարման համար չի սահմանվել: Պետրոս Մակեյանն ընդգծել է, որ ոչ մի տարաձայնություն ՀԱԿ-ի ղեկավարության շարքերում չկա, նշելով, որ կոնգրեսին անդամակցում են ամենատարբեր քաղաքական ուժեր, որոնք իշխանությունների դեմ պայքարի իրենց ռազմավարությունն ու մարտավարությունն ունեն: