5 ապրիլի 2011 - 16:33 AMT
Սերժ Սարգսյան. Անհնար է ստիպել Ղարաբաղին հրաժարվել իր անկախությունից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի մանրամասները: «Սերբիայի նախագահի հետ մենք համաձայնեցինք, որ խնդրի խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք, և որ ուժի կիրառումն ու դրա սպառնալիքն անընդունելի են միջազգային իրավունքի տեսակետից: Պարոն նախագահը նույն մոտեցումը ցուցաբերեց Կոսովոյի խնդրի հետ կապված` ասելով, որ երբեք Սերբիան չի ճանաչի Կոսովոյի անկախությունը, բայց միևնույն ժամանակ զերծ կմնա որևէ ռազմական գործողություններ վարելուց: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը Խորհրդային Միության փլուզումից ի վեր օգտվել է ինքնորոշման իր իրավունքից չի կարող ունենալ ապագա Ադրբեջանի կազմում: Իրեն պարտադրված դաժան պատերազմում նա պաշտպանել է իր հայրենիքը, և անհնար է ստիպել Ղարաբաղին հրաժարվել իր անկախությունից,-ասել է ՀՀ նախագահը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: