5 ապրիլի 2011 - 18:11 AMT
Հայաստան է ներկրվել 625 տոննա բարձրորակ կարտոֆիլի տնկանյութ

Ապրիլի 5-ին Հայաստան է ներկրվել 125 տոննա էլիտար և Ա դասի կարտոֆիլի տնկանյութ: Եվս 300 տոննա կներկրվի մինչև ապրիլի վերջ: Հոլանդիայից ներկրված կարտոֆիլի բարձրորակ սերմացուի առաջին մասը` 500 տոննան Հայաստան է հասել ապրիլի 4-ին: Ներկրվել է սերմացուի շուրջ 12 տեսակ, որի ընդունմանը գյուղացիների հետ մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հաղորդում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը: «Կտեսնեք` առաջիկայում մեծ փոփոխություններ են սպասվում: Մնում է ցույց տալ քրտնաջան աշխատանք», - ասել է Սերգո Կարապետյանը: Նա ավելացրել է, որ այժմ մնում է սերմացուն ժամանակին բաշխել գյուղացիներին, հավուր պատշաճի կատարվեն աշխատանքները, որպեսզի տարվա վերջում բարձր ցուցանիշներ լինեն:

Մարզպետարաններն ու գյուղապետերն արդեն տեղեկացված են և պետք է առաջիկայում իրենց պահանջներին համապատասխան պատվերները ներկայացնեն Հայաստանի ագրարագյուղացիական միություն` ստանալու անհրաժեշտ քանակը: Ինչպես տեղեկացրել է միության նախագահ Հրաչ Բերբերյանը, վճարման մեխանիզմը մեղմացվել է, գնորդները գումարը վճարելու են մաս-մաս, իսկ կանխիկը լինելու է գումարի միայն 30 տոկոսը: «Միջազգային շուկայում և' սերմի գներն են բարձրացել, և' պարենային գներն առհասարակ: Սակայն մենք անցյալ տարվա գները պահպանել ենք` չանցնելով 400 դրամի սահմանը», - ասել է Հրաչ Բերբերյանը: