Պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին հանդիպում է ունեցել Սերբիայի Պատրիարք Նորին Սրբություն Իրինեյի հետ:
Հայաստանի նախագահը և Սերբիայի Պատրիարքը կարևորել են Հայ Առաքելական Եկեղեցու և Սերբ Ուղղափառ Եկեղեցու միջև ձևավորված ջերմ հարաբերությունները: Զրուցակիցները հույս են հայտնել, որ առկա համագործակցությունը հետզհետե կընդլայնվի, իսկ հայ և սերբ ժողովուրդների շփումները շարունակաբար կընդլայնվեն:
Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ ժողովրդի պատմության մեջ եկեղեցին բացառիկ դերակատարություն է ունեցել` պետականության բացակայության պայմաններում հաճախ ստաձնելով ազգի համախմբման և առաջնորդելու բարձր առաքելությունը: Հանրապետության ղեկավարի խոսքով, այսօր էլ հայերի, ինչպես և սերբերի համար, եկեղեցու դերն անփոխարինելի է:
Պատրիարք Նորին Սրբություն Իրինեյի հետ հանդիպմանը հանրապետության ղեկավարը հատկանշական է համարել նաև, որ Կոսովոյում գտնվող հայկական խաղաղապահ գումարտակն իր լիազորությունների շրջանակում արել է հնարավորը` պաշտպանելով Կոսովոյում գտնվող սերբական եկեղեցիները:
Նույն օրը նախագահ Սերժ Սարգսյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որից հետո ծաղիկներ է դրել մայրաքաղաքի Ս.Գաբրիել Հրեշտակապետ եկեղեցու հարևանությամբ տեղադրված 1988թ. երկրաշարժի օրերին Հայաստանում զոհված սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հայկական խաչքարին, զրուցել օդաչուների հարազատների հետ:
Ավարտելով պաշտոնական այցը Սերբիայի Հանրապետություն` նախագահ Սերժ Սարգսյանը երեկոյան վերադարձել է Երևան, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: