6 ապրիլի 2011 - 19:47 AMT
Հայաստանը և Իտալիան մշակութային համագործակցության մասին նոր համաձայնագիր ստորագրեցին

ՀՀ Մշակույթի նախարարությունը և Իտալիայի Արտաքին գործերի նախարարության Համագործակցության զարգացման գլխավոր վարչությունը (ՀԶԳՎ) ստորագրեցին «Աջակցություն հայկական հաստատություններին տեղական մշակութային ժառագության պահպանության և ամրակայման համար» համագործակցության ծրագիր և իրականացման տեխնիկական համաձայնագիր: Ծրագրի հատուկ նպատակներն են հասարակական կարծիքի սևեռումը վերականգնման կարևորության վրա, վերականգնող-նախագծողների, ղեկավարողների և կատարողների ուսուցումը, Հայաստանի որմնանկարների ամրակայման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, տեղական մշակութային ժառանգության պահպանության ոլորտում կարողությունների զարգացումը, հասարակության համար վավերագրման կենտրոնի ստեղծումը: Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Տնօրինության և վավերագրման կենտրոնի ստեղծում: Կենտրոնը որոշիչ նշանակություն կունենա Ծրագրի գործունեության և մշակույթին առնչվող բոլոր տեղական միջոցառումների (դասընթացներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ և այլնի) համար: Կենտրոնը կապահովի նաև Հայաստանի մշակութային ժառանգությանը վերաբերող արխիվի և փաստաթղթային նյութերի հավաքագրումն ու բաշխումը: Կիրականացվեն կրթական ծրագրեր. երկամյա մասնագիտական` մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցման կազմակերպում « Հուշարձանների ճարտարապետական վերականգնում» մասնագիտությամբ: Ծրագրի շրջանակներում նաև կվերապատրաստվեն ոլորտի կառավարիչները, ինչպես նաև ճարտարապետական վերականգնման ոլորտում շինհրապարակների ղեկավարներն ու աշխատողները: Շինհրապարակ-դպրոցի գլխավոր նպատակն է բարելավել հուշարձանների վերականգնման միջամտությունների որակը: Ծրագրեր կիրականացվեն շարժական մշակութային արժեքներ վերականգնողների համար, Հայաստանի ազգային պատկերասրահում կհիմնվի կտավի/պաննոյի վրա արված նկարների վերականգնման լաբորատորիա, Հայաստանի պատմության թանգարանում` մետաղի, փայտի, խեցեղենի վերականգնման արհեստանոց-լաբորատորիա:

Որմնանկարների և հնագիտական գտածոների ուսումնասիրման, պահպանման, վերականգնման լաբորատորիա կհիմնվի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում, ծրագիրը նախատեսում է նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետազոտությունների լաբորատորիային հատկացնել որոշ լրացուցիչ սարքավորումներ, այդ թվում know how համակարգիչ` Հայաստանի որմնանկարների պահոց ստեղծելու համար: Շինարարական դպրոց-արհեստանոցի կհիմնվի «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող Աշտարակի արվեստանոցում:

Ճարտարապետ-վերականգնողների և արվեստանոցի տնօրենների համար կկազմակերպվեն բացօթյա տեսական/գործնական դասընթացներ, որին կհաջորդի ընտրված մասնակիցների մասնագիտական վերապատրաստումը:

Սույն ծրագրի շրջանակներում իտալական կողմը կտրամադրի ոչ միայն լաբորատորիաների համար անհրաժեշտ նյութերն ու սարքավորումները, այլև Հայաստան կգործուղի համապատասխան մասնագետների` ուսուցում ու վերապատրաստում կազմակերպելու համար: Հայկական կողմը կապահովի համաձայնագրով նախատեսված համապատասխան աշխատանքային տարածքների տրամադրումը:

Ծրագրի բացման և փակման ժամանակ կկազմակերպվեն երկու համագումար, որոնց նպատակը կլինի մշակութային ժառանգության վերականգնման նշանակության ու արդյունքների քննարկումը` վերականգնողական աշխատանքները տեսական մոտեցման համատեքստում, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունը: