7 ապրիլի 2011 - 14:41 AMT
Մշակույթի նախարարությունը կոչ է անում նպաստել «Սասունցի Դավիթ» էպոսի ներառմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում

ՀՀ մշակույթի նախարարությունը կոչ է անում բոլոր մշակութային, գիտական, կրթական հաստատություններին և կազմակերպություններին պատրաստել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի անունով «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» ազգային հայտին աջակցող նամակներ գրել և տրամադրել ՀՀ մշակույթի նախարարությանը: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարևորում է ներկայացվող հայտն աջակցող նամակների քանակությամբ: Կոչը կապված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկի 2011 թվականի համալրման գործընթացի մեկնարկի հետ, որն իրականացվում է տարբեր երկրների կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ին ազգային ոչ նյութական արժեքների հայտեր ներկայացնելու ճանապարհով:

2010 թվականին նշված ցանկում ներառվեց Հայաստանի Հանրապետության ներկայացրած «Խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» ոչ նյութական մշակութային արժեքը, իսկ 2011 թվականի համալրման նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունը մշակել և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի հետ համատեղ ներկայացրել է հայ ազգային էպոս` «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» հայտը: