7 ապրիլի 2011 - 15:49 AMT
Հայաստանը նյութական օժանդակություն կցուցաբերի Ճապոնիային

Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի և ցունամիի հետևանքների վերացման համար օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է Ճապոնիայի կառավարությանը հատկացնել 500.0 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ դրանով գործադիրը հայ ժողովրդի բարոյական պարտքն է կատարում, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: Ճապոնիային տարերային աղետի հետևանքները վերացնելու նպատակով օգնություն են առաջարկել աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը: