7 ապրիլի 2011 - 15:52 AMT
ՀՀ կառավարություն. Նվազագույն աշխատավարձի վերանայումը լարվածություն կառաջացնի բյուջեում

ՀՀ կառավարությունը քննության է առել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով առաջադրել են ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Կառավարության եզրակացության համաձայն օրենքի այս նախագիծը բյուջեում անխուսափելիորեն առաջացնելու է լարվածություն, ինչի հետևանքով աճելու են բյուջեի պակասուրդը և պարտքը` հանգեցնելով ֆիսկալ անկայունության։ Այս պատճառաբանությամբ գործադիրը դեմ է արտահայտվել ներկայացված օրինագծին, որը կառավարության եզրակացության հետ սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է նախագծի հեղինակներ, ՀՅԴ խմբակցության պատգամավորներին հրավիրել ՀՀ ֆինանսների նախարարություն և ներկայացնել օրինագծի մերժման փաստարկները, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։