7 ապրիլի 2011 - 16:19 AMT
Պատերազմը Ղարաբաղում կարող է շատ թանկ նստել Ալիևների կլանի վրա, վստահ է Անդրանիկ Միհրանյանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամենախոցելի առաջնորդն է ամբողջ հետխորհրդային տարածքում: Այդ մասին, դասախոսությամբ հանդես գալով Խ.Աբովյանի անվան պետական մանկավաժական ինստիտուտում հայտարարել է քաղաքագետ, Ժողովրդավարության ու համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի բաժանմունքի ղեկավար Անդրանիկ Միհրանյանը:

«Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսման հարցը լուրջ հարց է, սակայն այսօրվա իրականության մեջ ստատուս-կվոյի խախտումը քիչ հավանական է, քանի որ դա շահավետ չէ ոչ Վաշինգտոնին, ոչ Բրյուսելին»,-ասել է Միհրանյանը: Ըստ քաղաքագետի, չնայած Իլհամ Ալիևի հայտարարություններին ու սպառնալիքներին ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին, ադրբեջանցի առաջնորդը հասկանում է, որ պատերազմի ելքն անկանխատեսելի է և որ պատերազմը կարող է կործանարար դառնալ Ալիևի կլանի համար և միլիարդավոր դոլարներ կարժենա կլանի համար: