7 ապրիլի 2011 - 18:54 AMT
Տիեզերքի ռուս նվաճողներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ապրիլի 7-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից Մայր Աթոռի միաբան Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանն ընդունեց «ՌոսԿոսմոսի» պատվիրակությանը, որ Հայաստան էր ժամանել առաջին տիեզերագնաց Յ. Գագարինի թռիչքին նվիրված «Միաբանության կովկասյան էստաֆետ» ֆորումի միջոցառումների առիթով:

Հանդիպմանը ներկա տիեզերագնացները և գիտնականները Նաթան Սրբազանին ներկայացրեցին ֆորումի նպատակները: Ողջունելով ֆորումի մասնակիցների այցն ամենայն հայոց հոգևոր կենտրոն` Սրբազան Հայրը Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը փոխանցեց ներկաներին` կարևորելով ժողովուրդների միաբանությանն ու փոխգործակցության զորացմանն ուղղված նրանց ջանքները: Այս առնչությամբ Նաթան Սրբազանը անդրադարձավ նաև տիեզերագնացների կարևոր առաքելությանն ու դժվարին հանձնառությանը` գնահատանք հայտնելով նրանց ի դեմս հանդիպմանը ներկա օդաչու-տիեզերագնաց Միխայիլ Տյուրինի:

Վերջում Սրբազան Հայրը հորդորեց ֆորումի մասնակիցներին, հավատարիմ մնալով ժողովուրդների դարավոր եղբայրության ավանդներին, շարունակել տիեզերագիտության ոլորտում տասնամյակների համատեղ աշխատանքը` այն ծառայեցնելով մարդկության կյանքի բարօրությանը և առաջընթացին, հայտնում է Սբ Էջմիածնի մամլո դիվանը: