8 ապրիլի 2011 - 16:45 AMT
2011թ. Անելիք Բանկն առնվազն 11 մլրդ դրամով կավելացնի վարկային ներդրումների ծավալը

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն նախատեսում է առնվազն 11 մլրդ դրամով ավելացնել վարկային ներդրումների ծավալը 2011 թվականին` հասցնելով այն 41.5 մլրդ դրամի:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելը 31.12.10 թ. դրությամբ կազմել է 29.7 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 5,3 մլրդ դրամով` տարեկան կտրվածքով առկա է 21.6 % աճ:

«Բանկը 2011 թվականին տնտեսության իրական հատվածի վարկավորմանն ուղղված գործունեությունն ակտիվացնելու հետ զուգընթաց, ակտիվացնելու է նաև ֆիզիկական անձանց վարկավորումը, վարկային այնպիսի գործիքների կիրառմամբ, ինչպիսիք են ավտովարկերը, ապրանքների ձեռքբերման ապառիկ վարկերը, հիփոթեքային և այլ տիպի սպառողական վարկերը:

Միաժամանակ Բանկը, կատարելագործելով ներքին ընթացակարգը, ձգտում է պարզեցնել վարկի տրամադրման գործընթացը, ինչի վառ օրինակ է ուսանողական վարկը, որն արդեն հաստատվում է 1 օրում», - ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Վարկավորման վարչության ղեկավար Հայկ Գրիգորյանը:

2010 թվականի արդյունքներով «Անելիք Բանկ» ՓԲԸ –ի ակտիվներն աճել են 22.6 %-ով և կազմել 60.1 մլրդ դրամ, հայտնում է բանկի մամլո ծառայությունը: