8 ապրիլի 2011 - 16:56 AMT
Սեյրան Օհանյանը ՆԱՏՕ-ի պաշտոնյաի հետ քննարկել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման հարցերը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 8-ին ընդունել է ՆԱՏՕ-ի զորային պլանավորման վարչության պետ Ֆրենկ Բոլանդին: Հանդիպման ընթացքում Ֆրենկ Բոլանդը պաշտպանության նախարարին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի միջև Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Պլանավորման ու վերանայման գործընթացի գնահատման արդյունքների վերաբերյալ նախնական դիտարկումները: Քննարկվել են նաև ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայմանն առնչվող հարցեր:

Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի միջև Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Պլանավորման ու վերանայման գործընթացի շրջանակներում ստանձնած պաշտպանությանն առնչվող նպատակների իրականացման առաջընթացը գնահատելու նպատակով Հայաստան կատարած հերթական այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գնահատման խումբը քննարկումներ է ունեցել պաշտպանական բարեփոխումների գործընթացում ներգրավված ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան վարչությունների ներկայացուցիչների հետ, հայտնում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: