8 ապրիլի 2011 - 21:08 AMT
Լևոն Տեր-Պետրոսյան: Ոչ մի իշխանություն չի կարող ժողովրդից խլել Ազատության հրապարակը

“Եթե քաղբանտարկյալների ազատ արձակման, Ազատության հրապարակում հավաքների անցկացման վրա դրված ապօրինի արգելքի վերացման եւ 2008թ. մարտի 1-ի սպանությունների բացահայտման խնդիրները մոտակա օրերին չլուծվեն, ապա մարտի 1-ի հայտարարության պարունակած մնացյալ պահանջները երբեք չեն իրականանա եւ իշխանություն-հասարակություն երկխոսությունն այդպես էլ չի կայանա”,- ելույթ ունենալով Ազատության հրապարակում` հայտարարեց Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Տեր-Պետրոսյանը նաև ասաց, որ թեեւ այդ հնարավորության բացթողման պատասխանատվությունը կընկնի, առաջին հերթին, իշխանության, եւ ապա՝ կողքից ՀԱԿ-ին խանգարող տարաբնույթ ուժերի վրա, սակայն ողջամտության ու կարգապահության պակասի պարագայում ՀԱԿ-ը եւս զերծ չի մնա պատասխանատվության իր բաժնից։

ՀԱԿ առաջնորդը հանգամանալից անդրադարձ կատարեց նաև անազատության մեջ գտնվող ընդդիմության կողմնակիցների ազատ արձակման խնդրին, ինչպես նաև նշեց, որ Ազատության հրապարակը ոչ թե քաղաքական միջոցառումների անցկացման սովորական վայր է, այլ խորհրդանիշ: “Ոչ մի իշխանություն, որքան էլ ամենազոր, չի կարող ժողովրդից խլել այդ խորհրդանիշը”,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Նրա խոսքով, Հայաստանի ներկայիս իշխանությունները, կրելով 2008թ. մարտի 1-ի դեպքերի ողջ պատասխանատվությունը, “ամենեւին շահագրգռված չեն այն բացահայտելու գործում եւ անցած երեք տարիների ընթացքում ոչ միայն որեւէ ջանք չեն գործադրել այդ ուղղությամբ, այլեւ, ընդհակառակը, ամեն ինչ արել են այն պարտակելու համար”։