11 ապրիլի 2011 - 13:55 AMT
2007-ին Դավոսում Իսրայելը և Ադրբեջանը գաղտնի համաձայնագրեր են ստորագրել անվտանգության ոլորտում

2007-ի փետրվարի 16-ին Ադրբեջանում Իսրայելի դեսպան Արթուր Լենքը հանդիպել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսիի հետ: Նրանց զրույցի բովանդակությունը ներկայացվում է WikiLeaks-ի կողմից հրապարակված ամերիկյան գաղտնի դիվանագիտական հեռագրում:

Լենքը պատմել է Դավոսի տնտեսական ֆորումում Իսրայելի ԱԳՆ նախարար Ցիպնի Լիվնիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցի մանրամասների մասին:

Լենքը հաղորդել է Դերսիին, որ Իսրայելը և Ադրբեջանն անվտանգության ոլորտում ստորագրել են երկու գաղտնի համաձայնագրեր, բայց չի պատմել դրանց բովանդակության մասին:

Լենքը նաև պատմել է այն մասին, որ նախագահ Ալիևի անձնական խորհրդատուն, որը բուժվել է Իսրայելում, հանդիպել է պաշտպանության նախարարի տեղակալ Էֆրաիմ Շեխի և «Մոսսադի» ներկայացուցիչների հետ: Իսրայելը խնամքով պահպանում է Ադրբեջանի հետ դիվանագիտական և տնտեսական կապերը, որը կարևոր ռազմավարական դիրք և նավթի մեծ պաշարներ ունի, գրում է MIGnews.com-ը: