11 ապրիլի 2011 - 16:23 AMT
Երևանում ավարտվեց «Արմմոնո» փառատոնը

«Արմմոնո» մոնոներկայացումների 9-րդ միջազգային փառատոնը կարելի է համարել կայացած, այդ մասին մամլո ասուլիսում նշեց փառատոնի նախագահ Մարիաննա Մխիթարյանը: «Այս տարի եղան հաջողված, հետաքրքիր և ոչ այդքան հաջող ներկայացումներ: Փառատոնն այս տարի աչքի ընկավ նոր մասնակիցներով Իսրայելից և Եգիպտոսից: Մեծ աջակցություն ցուցաբերեցին նաև դեսպանատները», ասաց Մխիթարյանը: Ըստ փառատոնի տնօրենի, 9-րդ փառատոնի մեխն էին Բիրուտե Մարիի «Ունե» (Լիտվա), Գաբրիելա Մուսկալայի «Բուենոս Այրեսից վերադառնալիս» (Լեհաստան) և Իրինա Եվդոկիմովայի «Ոչ ոք» (Ռուսաստան) մոնոներկայացումները:

Հայաստանյան ներկայացուցիչներից նշվեցին Նարեկ Ներսիսյանի մասնակցությամբ «Լյուսիեն Լյուկ» մոնոներկայացումը, որը փառատոնից հետո բազմաթիվ հրավերներ է ստացել արտերկրից, ինչպես նաև Ռոբերտ Հակոբյանի «Ձեզ եմ դիմում…» ներկայացումը, որը նույնպես հրավիրվել է արտերկիր:

Մարիաննա Մխիթարյանը նշեց նաև, որ եղել են որոշակի տեխնիկական խնդիրներ, որի պատճառով չի իրականացվել խոստացված տիտրերի ցուցադրությունը, չնայած որ թարգմանությունները նախապես պատրաստ են եղել: Վերոնիկ Դանիելի «Ցանկությունների երաժշտություն» (Ֆրանսիա) ներկայացումը չի կայացել միայն դերասանուհու` օդանավակայանում խնդիրներ ունենալու պատճառով:

«Արմմոնո» մոնոներկայացումների 9-րդ միջազգային փառատոնն այս տարի կայացավ ապրիլի 3-8ը: Այս տարի ներկայացվեցին 8 միջազգային և Հայաստանի 7 ներկայացուցիչների գործեր: Փառատոնն անցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: