11 ապրիլի 2011 - 21:00 AMT
ԼՂ հարցով ենթահանձնաժողովն ապացուցեց կողմերի միջև վստահության մթնոլորտ ստեղծելու իր անկարողությունը

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) 2005թ. ստեղծված Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովն իր գործունեության մի քանի ամիսների ընթացքում ապացուցեց իր անկարողությունը` հայ և ադրբեջանական պատվիրակությունների միջև փոխվստահության մթնոլորտ ստեղծելու առումով` մի կողմ դրած «Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ երկխոսության պահանջը»: Այդ մասին հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը` ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում: «Ենթահանձնաժողովի աշխատանքների կասեցումը պայմանավորված էր հենց այս ձախողմամբ, և ոչ թե Լորդ Ռասսել-Ջոնսթոնի հանկարծահաս մահով»,- պարզաբանել է նա:

Պատվիրակության ղեկավարն ավելացրել է, որ փոխանակ արագացնելու այդ հանձնաժողովի վերակազմավորումը և դա դարձնելու fait accompli, Վեհաժողովի նախագահ Մովլուդ Չավուշօղլուի պարտավորությունը պետք է լիներ Բյուրոյին այս պատճառների, ինչպես նաև իր կողմից հայ և ադրբեջանցի պատգամավորական պատվիրակությունների հետ անցկացված խորհրդակցությունների մասին տեղեկացնելը», - ընդգծել է հայկական պատվիրակության ղեկավարը և ավելացրել, որ այդ իսկ պատճառով հայկական կողմը հարցականի տակ է դնում այս հատուկ ենթահանձնաժողովի վերակազմակերպման անկեղծ, անկողմնակալ և ազնիվ մղումները:

Դավիթ Հարությունյանը հիշեցրել է կառույցի պատգամավորներին, որ հայ և ադրբեջանական երկու հասարակությունների հաշտեցմանը օգտակար լինելու առաջին նվազագույն քայլը կարող է լինել միայն երկու պատվիրակությունների միջև առկա լարվածությունը նվազեցնելուն միտված ձեռնարկները, ինչի առումով հայկական պատվիրակության կողմից նախկինում արված կոնկրետ առաջարկությունները առայժմ մնում են ուժի մեջ:

ԵԽԽՎ Բյուրոյի անդամներին ուղղված հունվարի 25-ի նամակում, որը և կորչել էր պաշտոնական միջանցքներում, հայկական պատվիրակությունը կողմ էր հանդես եկել ադրբեջանական պատվիրակության հետ` երրորդ կողմի միջնորդությամբ շարունակական հանդիպումներին` հույս հայտնելով, որ այդ հանդիպումները կստեղծեն փոխվստահության բավարար մթնոլորտ և «կթուլացնեն երկու պատվիրակությունների միջև առկա լարվածությունը»:

Սպասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը կվերսկսի իր աշխատանքը ԵԽԽՎ այս նստաշրջանում: