12 ապրիլի 2011 - 15:19 AMT
Պետական մարմինները փորձելու են վերահսկել ձվի գնի տատանումները Ս. Զատիկի օրերին

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունները փաստում են, որ ամեն տարի Ս. Զատիկի տոնի հետ կապված՝ հանրապետությունում նկատվում է հավի ձվի պահանջարկի ավելացում: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին Հանձնաժողովից, որպեսզի տնտեսվարողները առիթից օգտվելով թույլ չտան չարաշահումներ, Հանձնաժողովը ապրիլի 12-ին կայացած նիստում որոշեց սահմանել ամենօրյա հսկողություն՝ վերջիններիս գործունեության նկատմամբ:

Հանձնաժողովն այս շուկայում գործող արտադրողներից օրական կտրվածքով կպահանջի տեղեկատվություն՝ արտադրության, իրացման ծավալների, մնացորդի, ինչպես նաև բացթողնման գների վերաբերյալ: Գների փոփոխության դեպքում տնտեսվարողները պետք է ներկայացնեն նաև համապատասխան հիմնավորումներ: Հանձնաժողովը տեղեկատվություն կպահանջի նաև առավել խոշոր սուպերմարկետներից՝ արտադրողների կողմից իրենց մատակարարված ձվի ծավալների վերաբերյալ:

Հանձնաժողովի մոնիտորինգի խումբը շարունակում է ամենօրյա դիտանցումներ կատարել մանրածախ առևտրի կետերում՝ հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես հավի ձվի ապրանքային շուկային: