13 ապրիլի 2011 - 11:08 AMT
ԱՄՆ դեսպանատունը սատարում է Հելսինկյան 3 սկզբունքները`որպես ԼՂ հակամարտության լուծման հիմնարար տարրեր

«Լեռնային Ղարաբաղի մասին այս տարվա Մարդու իրավունքների զեկույցում ներկայացված շարադրանքը բխում է բոլոր երկրների վերաբերյալ զեկույցի պատրաստման մեր ուղենիշներից»,- հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը` ավելացնելով, որ այն որևէ կերպ չի կանխորոշում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի արդյունքը: «Մենք շարունակում ենք պաշտպանել տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի և ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման Հելսինկյան երեք սկզբունքները`որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծման հիմնարար տարրեր»,- ընդգծվում է դեսպանատան հայտարարության մեջ:

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նշում է, որ Մարդու իրավունքների հայաստանյան զեկույցն ապահովում է ամբողջական փաստացի պատկեր` ներառելով ՀՀ կառավարության ունեցած հաջողությունները և վերջինիս առջև ծառացած դժվարությունները հայաստանաբնակների մարդու իրավունքների պաշտպանության հարցում: «Մենք ակնկալում ենք շարունակել արդյունավետ երկխոսությունը ՀՀ կառավարության հետ զեկույցում արծարծված մարդու իրավունքների հարցերի շուրջ»,- ասվում է հայտարարության մեջ: