13 ապրիլի 2011 - 15:49 AMT
ՏՏ ոլորտի մասնագետներն ամենապահանջվածն են Հայաստանում

Թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ տարածող հայկական կայքերում ամեն օր ավելացող հայտարարությունների մեջ գերակշռողը ՏՏ ոլորտի աշխատատեղերն են։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին աշխատատեղերի մասին հայտարարություններ զետեղող հայկական ճանաչված jobfinder.am և hr.am կայքերից։

Ինչպես տեղեկացրեց jobfinder.am կայքի հիմնադիր Արման Մարգարյանը, վերջին մեկ ամսվա վիճակագրությունը ապացուցում է այս փաստը. «Մեր կայքում ամենից շատ հայտարարություններ հայտնվում են ՏՏ ոլորտի բաժնում։ Ըստ jobfinder-ի վիճակագրության՝ 35% կազմում են ՏՏ ոլորտի, 21% բանկային, 13% վաճառքի, 10% ադմինիստրատիվ, 9% գովազդի, մարքետինգի և 12% այլ ոլորտների հայտարարությունները»։

Ըստ hr.am կայքի վիճակագրության՝ կրկին ամենապահանջվածը ՏՏ ոլորտի մասնագետներն են։ Այս մասին հայտնեց hr.am կայքի մարքետինգի պատասխանատու Աբրահամյան Տաթևը։ «Վերջին 1 ամսվա կտրվածքով առաջատար ոլորտներն են՝ 23%-ով ՏՏ ոլորտըն ամենապահանջվածն է, հաջորդում է տուրիզմի ոլորտը 9%, ապա բանկային ոլորտը 8%-ով»,-ասել է նա։