13 ապրիլի 2011 - 16:39 AMT
Հայաստանի իշխանություններն այժմ «լվանում են հասարակության ուղեղը», գտնում է Լևոն Զուրաբյանը

Հայ ազգային կոնգրեսը ոչ մի համաձայնություն չունի իշխանությունների հետ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Այդ մասին հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում: «Ես կտրականապես դա հերքում եմ: Ոչ մի նման բան չկա: Հակառակը, երկրում ծավալվում է անհաշտ պայքար բռնապետության ու ժողովրդի ազատագրական շարժման միջև»,-ասել է նա:

Զուրաբյանը նաև հավելել է, որ իշխանություններն այժմ «լվանում են հասարակության ուղեղը»՝ ցույց տալով և լուսաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի միայն այն հատվածները, որոնք վերաբերում են իշխանությունների հետ երկխոսությանը, ինչպես նաև վարում են ՀԱԿ առաջնորդին վարկաբեկելու քաղաքականություն: Նա ընդգծել է, որ ՀԱԿ-ի գլխավոր նպատակը արտահերթ նախագահական ընտրություններն են, որոնց արդեն կարող են հաջորդել արտահերթ կամ նույնիսկ հերթական խորհրդարանական ընտրությունները: Զուրաբյանը նշել է նաև, որ Հայաստանի իշխանությունները խուճապի մեջ են ընդդիմության բազմահազարանոց ցույցերի պատճառով, քանի որ երկրում այնպիսի իրավիճակ է, երբ «վերին շերտերը չեն կարող կառավարել նորովի, իսկ ստորին շերտերը չեն ցանկանում ապրել նախկինի պես»: