13 ապրիլի 2011 - 18:18 AMT
Հայաստանն ու Վրաստանը մտադիր են զարգացնել ռազմական համագործակցությունը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին: Ինչպես հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, Սեյրան Օհանյանը շնորհավորել է Թենգիզ Շարմանաշվիլիին դիվանագիտական նոր առաքելության կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանի պաշտոնում նրա նշանակումը նոր խթան կհանդիսանա հայ-վրացական ռազմական համագործակցության զարգացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-վրացական համագործակցությանն առընչվող հարցեր: Կարևորելով Վրաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացումը` պաշտպանության նախարարը նշել է, որ այն կարող է նպաստել տարածաշրջանի կայունությանը և անվտանգության ամրապնդմանը: