14 ապրիլի 2011 - 18:27 AMT
Քաղաքապետարանը կոչ է անում բոլոր երևանցիներին ակտիվորեն մասնակցել ապրիլի 16-ի շաբաթօրյակին

Ապրիլի 16–ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի առիթով, Երևանի քաղաքապետարանը դիմում է բոլոր համատիրություններին և կոչ է անում ակտիվ մասնակցություն ցուցաբերել բակային տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին: Միաժամանակ հորդորում է անհարկի պաստառներից ու սոսնձված թղթերից մաքրել շքամուտքերն ու բազմաբնակարան շենքերի պատերը, հետևողական լինել, որպեսզի դրանք փակցվեն միայն սահմանված տեղերում:

Քաղաքապետարանը կոչ է անում համատիրությունների բոլոր անդամներին, բոլոր բնակիչներին` հասարակական վերահսկողության տակ առնել կատարված աշխատանքները և անհանդուրժող լինել քաղաքի դեմքը խաթարող ցանկացած երևույթի հանդեպ: