ՄԻՐՉԵ ՋՈԱՆԱ. «ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱԼԻՍ ՓԱՐԻԶՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
03.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Մարտի 2-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Ռումինիայի ԱԳ նախարար Միրչե Ջոանան ավարտել է իր երկօրյա պաշտոնական այցը Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, մամլո-ասուլիսում Ջոանան հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահ-երկրների ղեկավարները հավանություն են տալիս Փարիզում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը եւ մեծ տնտեսական ու քաղաքական աջակցություն են ցուցաբերում կարգավորման գործընթացին:
Մեկնաբանելով այն հարցը, արդյոք ԵԱՀԿ-ն մարտի 4-5-ին Փարիզում հանդես կգա Ղարաբաղյան կարգավորման նոր առաջարկներով, Միրչե Ջոանան ասել է, որ առկա է լավատեսություն ներշնչող տեղեկություն:
Ադրբեջանական լրագրողների այն հարցին, թե ինչպես է բացատրվում ԵԱՀԿ առաջարկների աստիճանական փոփոխությունները ի վնաս Ադրբեջանի, մասնավորապես` «Ընդհանուր պետության» սկզբունքը, Ջոանան ասել է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ են լուրջ փոխզիջումներ: Այդ փոխզիջումների ձեռք բերման եւ հարցի լուծման համար պահանջվում է քաղաքական քաջություն»:
Նրա խոսքերով, պատմության դասերը վկայում են այն մասին, որ երկարաժամկետ խաղաղության ձեռք բերման դեպքում հաղթողներ եւ պարտվածներ չեն լինում: