14 ապրիլի 2011 - 19:59 AMT
Ռուսական քարտեզագրական ռեսուրսն Ադրբեջանից «խլել է» Նախիջևանը

Ռուսական 200stran.ru կայքը, որի աշխատակազմի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում, «Ադրբեջանի հետ կապված սխալ է գործել»: Այդ կայքում, որը քարտեզագրական ռեսուրս է, տեղակայված աշխարհի քարտեզում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքն Ադրբեջանի կազմում չէ նշված, գրում է Day.Az-ը:

Բնականաբար այդ սխալը միանգամայն բուռն արձագանք էր առաջացրել Ադրբեջանում, որը նման սխալները շատ ցավագին է ընդունում:

Շատ պատմաբանների վկայությամբ, Նախիջևանի տարածքը հնագույն հայկական թագավորության մասն է կազմել դեռևս մ.թ.ա VI դարում: «Նախիջևան» բառը հայերեն նշանակում է «առաջին իջևան»: Ավանդության համաձայն, քաղաքը Նոյն է կառուցել տապանից դուրս գալուց հետո:

1921 թ. մարտի 16-ին ԽՍՀՄ-ը և Թուրքիան պայմանագիր են կնքում, որի համաձայն Նախիջևանի շրջանն «ինքնավար տարածքի կարգավիճակով մտնում է Ադրբեջանական ԽՍՀ մեջ»: Միջազգային իրավունքի նորմերի տեսակետից դա, իհարկե, բացահայտ կամայականություն էր. երկու պետություններ երրորդ պետության տարածքը առանց վերջինիս համաձայնության փոխանցեցին չորրորդ պետությանը:

Պայմանագրին իրավաբանորեն ընդունելի տեսք հաղորդելու համար այն նույն թվականին թարմացվեց Կարսում (Կարսի պայմանագիր):