15 ապրիլի 2011 - 17:57 AMT
Անցած օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. մեկ մարդ զոհվել է

ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության 3 դեպքից` 2-ը: Բացահայտվել է նաև գողության 8 դեպք:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:

«Զինանոց 2011» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են 2 ինքնաձիգ, ինքնաձիգի 6 պահունակ, 3 ատրճանակ, 4 հրացան, 1 նռնակ՝ պայթուցիչով, ինքնաշեն կրակող մեկ սարք, 1 մետր դետոնացիոն քուղ և տարբեր տրամաչափի 692 փամփուշտ:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ներկայացած քաղաքացիները կամավոր հանձնել են որսորդական 2 հրացան, 1 ինքնաձիգ, ինքնաձիգի 4 պահունակ, 10 նռնակ, նռնակի 22 պայթուցիչ և տարբեր տրամաչափի 788 փամփուշտ:

Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, որից 2-ը՝ վրաերթ. մեկ մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հաղորդում է Ոստիկանության պաշտոնական կայքէջը: