Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 16-ին մասնակցել է հանրապետության Ազգային ժողովում կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միջազգային-իրավական երաշխիքները» խորհրդաժողովին:
Իր ողջույնի խոսքում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին:
Նախագահն ընդգծել է, որ միջազգային-իրավական երաշխիքների ներքո հիմնախնդրի կարգավորումը առաջին հերթին նախասահմանում է խաղաղ հանգուցալուծում, ինչը համահունչ է նաեւ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշմանը: Միեւնույն ժամանակ, Բակո Սահակյանը փաստել է, որ անցյալին վերադարձ չկա, եւ պետք է մտածել միայն ապագայի մասին:
Մոջոցառմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության ԱԺ Նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, երկու հայկական հանրապետությունների պետական, գիտական եւ հասարակական հատվածների ներկայացուցիչներ, հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: