16 ապրիլի 2011 - 11:57 AMT
«Հայոց աշխարհ». Միխայիլ Բաղդասարովը օդանավակայան չի գնել, «Արմավիան» չի վաճառում

«Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան երեկ վերստին հերքեց միանգամից մի քանի թերթերում Միխայիլ Բաղդասարովի բիզնես գործունեության վերաբերյալ տարածված «տեղեկությունները»:

Ինչպես հայտնում է «Հայոց աշխարհը», անդրադառնալով նշված «լուրերին», «Արմավիայի» ներկայացուցիչը հայտնել է, որ ավիաընկերությունը հերքում է լուրերն այն մասին, թե ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը օդանավակայան է ձեռք բերել Սլովակիայում: «Պարոն Բաղդասարովը ոչ մի օդանավակայան չի գնել։ Որոշ թերթերում հրապարակված այդ տեղեկությունը կեղծ է»,- ասաց մամուլի քարտուղարը:

Ի դեպ, թերթերից մեկն էլ վերստին գրել էր, թե Մ.Բաղդասարովն ուզում է վաճառել կամ նրանից ուզում են գնել «Արմավիան»։ Հերթական անգամ պարզվեց, որ դա էլ է սուտ։

Ինչպես սուտ է այն, որ ազգային ավիափոխադրողը, իբր, վերջին շրջանում ուշացնում է աշխատավարձի վճարումը։ «Ընկերության ոչ մի աշխատակցի աշխատավարձ չի ուշացվել: Եթե թերթը նման տեղեկություն է հրապարակել, ապա թող օգնի մեզ պարզել` հատկապես ո՞ւմ աշխատավարձն է ուշացվել` ո՛ր բորտ-ուղեկցորդուհու, ո՛ր օդաչուի կամ այլ աշխատակցի, որպեսզի կողմնորոշվենք: Վստահեցնում եմ, որ մեր աշխատակիցները ժամանակին են ստանում իրենց աշխատավարձը»,- շեշտեց Նանա Ավետիսովան: