16 ապրիլի 2011 - 17:43 AMT
Բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչը գոհ է միջազգային առաջնության արդյունքներից

Ապրիլի 16-ին Երևանում ավարտվեց «Գագիկ Ծառուկյանի Գավաթ» բռնցքամարտի միջազգային առաջնությունը: 10 քաշային կարգերից 7-ում հաղթող ճանաչվեցին հայ մարզիկները, իսկ մնացած երեքում իրենց հավասարը չունեին ղազախ բռնցքամարտիկները:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ասաց, որ գոհ է արդյունքներից: «Այս մրցաշարը նախապատրաստական էր Եվրոպայի առաջնությունից առաջ և ինձ հնարավորություն ընձեռեց բռնցքամարտիկներին տեսնելու գործի մեջ: Վստահ եմ, որ նրանք լավագույն մարզական պատրաստությունը կունենան առաջնությունից առաջ»,- ընդգծեց Մեհրաբյանը:

Հայաստանի հավաքականի մարզչի խոսքով, բոլոր հայ բռնցքամարտիկները լավ մենամարտեր ցուցադրեցին, իսկ մինչև 81 և 91կգ քաշային կարգերում Հայաստանի հավաքականի անդամներ Անդրանիկ Հակոբյանն ու Ցոլակ Անանիկյանը բաց թողեցին առաջնությունը վնասվածքների պատճառով և պատրաստ կլինեն Եվրոպայի առաջնությանը: «Հնարավոր է` առանձին բռնցքամարտիկներ, որոնք ելույթ չունեցան այս մրցաշարում, կմասնակցեն այլ առաջնությունների: Հավաքականը նաև հավաքներ կունենա, որոնք տեղի կունենան Հայաստանում, Ուկրաինայում և Բելառուսիայում»,- նշեց Մեհրաբյանը: