Ամեն տարի, երբ մոտենում է ապրիլի 24-ը, Facebook-ի խմբերից մեկն ավելանում է անդամների քանակով և ակտիվանում է։ Խոսքը գնում է «Google-ը պետք է փոխի իր լոգոն Հայոց ցեղասպանության զոհերի պատվին» խմբի մասին (Google should change its logo in honor of the Armenian Genocide victims)։
Այս պահին թիմի անդամների քանակը՝ 18.000-ից ավելի է։ Այն օրեցօր աճում է, սակայն պարզ չէ՝ որքանով է Google-ի ղեկավարությունը ուշադրություն դարձնում նման ակցիաներին։
Թե ինչպիսին կլինի 2011-ի ապրիլի 24-ի Google Doodle-ը, ոչ ոք չգիտի։ Միգուցե ընդհանրապես Doodle չլինի։
Google Doodle-ի արխիվում տեղակայված են բոլոր Doodle-ները սկսած 1998-ից։ 2009-ի ապրիլի 24-ի Doodle-ը եղել է ոմն ճապոնացի Տոմիտարո Մակինոյի ծննդյան հիշատակին նվիրված օր, իսկ 2010-ինը՝ տիեզերական աստղադիտակի 20-րդ տարելիցի օրը։
Ավելին, ուսումնասիրելով Google Doodle-ի արխիվը՝ PanARMENIAN.Net-ի թղթակիցը նկատեց, որ 2010-ի ապրիլի 24-ից մեկ օր առաջ, ապրիլի 23-ին Doodle-ը նվիրված է եղել Թուրքիայում ազգային ինքնիշխանության և երեխաների օրվան։ 2007-ի ապրիլի 23-ի Doodle-ն էլ կրկին նվիրված է եղել Թուրքիայում երեխաների օրվան։ Իսկ 2008-ին, չգիտես ինչու, Google Doodle-ը ապրիլի 24-ը նվիրել էր Գերմանիայում աղջիկների տոնին։
Ստացվում է, որ Google-ը չի հիշում, տեղյակ չէ կամ Google-ին բնավ չի հետաքրքրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և փոխարենը մեծ հետաքրքրություն է առաջացնում թուրք բալիկների տոնը։
Եթե այս տարի Google-ի մտքով անցնի հարգել Հայոց ցեղասպանության զոհերին, ապա այս մասին կխոսեն և ուրախությամբ կքննարկեն բոլորը։ Միգուցե Google-ը չի ցանկանում միջամտել քաղաքականությանը՝ հանկարծ մարդիկ կմտածեն, թե ԱՄՆ-ն ճանաչել է ցեղասպանությունը։
«Google Doodle»-ը Google-ի հիշարժան լոգոների հավաքածուն է։ Google-ն իր Doodle-ների շարքը սկսել է 1998թ-ից։ Առաջին Doodle-ը նվիրված է եղել Burning Man Festival-ին, որն ամեն տարի անցկացվում է ԱՄՆ-ում։