19 ապրիլի 2011 - 14:01 AMT
Հիլդա Չոբոյան. Ֆրանսիայի Սենատը չի կարողանա ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը

Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական կոմիտեն չի կարող հավանություն տալ օրինագծին, որը մուտք չի գործել Սենատ, առավել ևս խոսք չի կարող լինել քվեարկության մասին, որն, իբր, կայանալու է մայիսի 4-ին, քանի որ չի կարելի քվեարկել մի բանի օգտին, որը դեռ չկա օրակարգում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Եվրոպայի Հայկական դաշնության նախագահ (EAFJD) Հիլդա Չոբոյանը: «Նախագահը, կառավարությունն ու Սենատի մեծամասնությունը դեմ են օրենքին, սակայն մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել, հայ համայնքը կշարունակի օրինագիծը Սենատի օրակարգում ընդգրկելուն ուղղված ջանքերը»,-ասել է նա:

Օրենքի ընդունման նախաձեռնողը սոցիալիստների խմբակցությունն է, որը 2006թ. Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված նմանատիպ օրինագծի հեղինակն էր:

Նախօրեին թուրքական ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածել այն մասին, որ Ֆրանսիայի Սենտաի Սահմանադրական կոմիտեն հավանություն չի տվել օրինագծին: